Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Արթնացրեք այս մարդուն

Արթնացրեք այս մարդուն
01.07.2017 | 10:26

Հունիսի 30-ին Րաֆֆի Հովհաննիսյանն ասուլիս է տվել: ՈՒր էր թե փետրվար-մարտին այսքան ակտիվ լիներ, բայց մարդը իր գործը հիմա է գտել և ոչ ոք նրան չի ասում, որ կռվից հետո կամ կռվից առաջ չեն կրակում: Թիրախ չկա: Իսկ ինքը գտել է, բայց հեռանկարում: «2018-ին մեզ սպառնում է կուսակցապետություն»՝ ասել է նա, իսկ ինչո՞ւ 2018-ին: Ինչո՞ւ չի ասում, որ մենք վաղուց ենք ապրում կուսակցապետության մեջ, և դա ոչ թե ապագա վտանգ է, այլ՝ ներկա կյանք: ՈՒրիշ ինչպե՞ս է լինում կուսակցապետությունը, երբ նախագահը, Աժ նախագահը, վարչապետը նույն կուսակցության անդամ են: Ո՞ր վտանգն է նա ուզում կանխել: Ինչո՞ւ է դատարկ կոչեր անում: Նո՞ր է հասկացել, որ Սերժ Սարգսյանը կարող է լինել վարչապետ: Ինչո՞ւ է հիմա ասում՝ «Ինքը չպետք է լինի Հայաստանի նոր վարչապետը կամ գենսեկը: Եթե փորձեց, «Ժառանգությունը» կլինի այն մարդկանց կողքին, ովքեր պիտի ամեն ինչ անեն, որ կանխեն: Որ կանխենք սերժապետությունը, կուսակցապետությունը, ռոմանտիկ չհնչի՝ վերջապես ունենանք Հայաստանի Հանրապետություն»: Ինչո՞ւ չի ասում «Ժառանգությունն» ամեն ինչ անելու է, որ Սերժ Սարգսյանը չլինի վարչապետ, այլ հայտարարում է, որ կլինի նրանց կողքին, ովքեր պիտի ամեն ինչ անեն: Ինչո՞ւ չի ուզում, որ իր կողքին կանգնեն:

Որովհետև գիտի՞, որ նման հայտարարություն անի, կգտնվի ինչ-որ մի հիմար ու կհարցնի՝ իսկ ի՞նչ եք անելու, որ կանխեք, ի՞նչ է նշանակում «ամեն ինչը», կամ էլ՝ վստահ չէ, որ իր կողքին կանգնող կլինի: Ի՞նչ թավշյա հեղափոխություն: Գոնե պատկերացնո՞ւմ է իր ասածների իմաստը կամ բովանդակությունը: Թե՞ պարզապես խոսելու գենը պայթել է ու պիտի խոսի՝ մինչև նորից «ընտանեկան հանգամանքներով» երկրից մեկնելը: Եթե ուզում է թավշյա հեղափոխություն, ո՞րն է նպատակը: Որ Սերժ Սարգսյանը չլինի, լինի Կարեն Կարապետյանը, իսկ ի՞նչ տարբերություն: Որ Սերժ Սարգսյանը ոչինչ չի խոստովանի, իսկ Կարեն Կարապետյանը մեկ էլ տեսար՝ խոստովանե՞ց: «Պարոն Կարապետյանը թող հայ ժողովրդին ասի, թե ինքը ունի՞ բիզնես Հայաստանում, թե չէ: «Գազպրոմի» միջոցով… Ծաղկաձորի «Մարիոթը»… Ամոթ բան չէ, բայց թող ժողովրդին ասի, որ իմ ընտանիքի բիզնես շահը սա է: Դրան վրադիր նաև ասի՝ ես պայքարելու եմ կուսակցապետության դեմ և ես ընդունում եմ, որ ես վարչապետ եմ այն կուսակցության մեջ, որն անցել է կեղծիքներով: Ես կարծում եմ, որ արդեն Կարեն Կարապետյանը շատ գեղեցիկ, նոր, թարմ շունչ ներկայացնող, աշխարհին ընկալելի լինելու հանգամանքից բացի, ըստ էության, հայ ժողովրդի ներկայացուցիչ կդառնա»: Լավ, որքան է այս զառանցանքը շարունակվելու: ՈՒնի՞ Կարեն Կարապետյանը Հայաստանում բիզնես, չունի, ի՞նչ կապ ունի: Ինչպե՞ս է Կարեն Կարապետյանը ասելու, թե պայքարելու է կուսակցապետության դեմ, ինչպե՞ս է ասելու, թե կեղծիքներով անցած կուսակցության վարչապետ է: Եթե նա էլ նույնքան մառազմատիկ լինի, որքան Րաֆֆի Հովհաննիսյանը, առաջինը պիտի կուսակցությունից հեռանա կամ կուսակցությունը նրան հեռացնի, երկրորդ՝ հրաժարական տա: Երրորդ տարբերակ չկա: Ի վերջո, քաղաքականության մեջ գոնե մի քիչ խելք պետք է, անգամ Հովիկ Աբրահամյանը համոզվեց, որ այդպես է, ևս քանի՞ տարի է Րաֆֆի Հովհաննիսյանին պետք, քանի՞ էտում ու զտում, որ հասկանա՝ չի ստացվում, ոչ իր պատկերացրած սարերի քամին է գալիս ու կուսակցապետությունը ջնջում, ոչ ոստիկանապետի հետ աղոթքն է Աստծուն հասնում, ոչ հացադուլներն են արդյունք տալիս, ոչ էլ Արա Աբրահամյանի խոսքով Մոսկվա հասնելը՝ հաղթանակի հետևից, որ իրեն չտվին:

Չի լինելու ոչ մի համախմբում «Ժառանգության» շուրջը, և դա այն լավագույնն է, որին ունակ է դեգրադացված ու կուսակցապետության պայմաններում գոյատևող քաղաքական դաշտը: ՈՒ պետք չէ ամեն առիթով-անառիթ խոսել սահմանադրական կարգից, ինքնիշխանության վերականգնումից, ազգային շահը պաշտպանելուց: Առանց այդ էլ քաղաքականությունը որակազրկված է, հասկացությունները՝ աղավաղված, պատկերացումները՝ խեղված: Միակ օրակարգը հիմա դաշտը իսկապես մաքրելն է: Կեղծ պատկերացումներից: Սուտ մարգարեներից: Դատարկ երազողներից: Հերիք է: Տարեցտարի Րաֆֆի Հովհաննիսյանը ինչ-որ անկապ իրավիճակներ է ուրվագծում ու սկսում հանուն կամ ընդդեմ վիրտուալ պայքար: 2013-ին էլ նրա ստացած ձայները ոչ թե իր ձայներն էին, այլ Սերժ Սարգսյանին դեմ ձայները, և ոչ ոք նրան չի կարող օգնել այլևս: Ոչ գեներալ Օհանյանը, ոչ պարոն Օսկանյանը, ոչ Նիկոլ Փաշինյանը, ոչ Արամ Սարգսյանը, ոչ Էդմոն Մարուքյանը, ոչ Գագիկ Ծառուկյանը, ոչ դաշնակցությունը, ոչ ՀՀԿ-ի որոշ անդամները և արտախորհրդարանական ուժերի ներկայացուցիչները, որոնց նա կոչում է «նոր վիճակ ստեղծել մինչև ապրիլ»: Եթե նոր վիճակը ուրիշներն են ստեղծելու, ուրիշներն էլ հարցերը կլուծեն՝ առանց Րաֆֆի Հովհաննիսյանի բարեմաղթանքի:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Եթե Րաֆֆի Հովհաննիսյանը փորձում է լրացնել արտախորհրդարանական դաշտում թափուր մնացած ռուսամետների տեղը՝ օգտվելով ՀՎԿ-ի ճակատագրի անհայտությունից կամ ՀԱԿ-ի ֆիասկոյից, գոնե փորձի երեք քայլ առաջ նայել ու հասկանալ՝ իսկ որտե՞ղ են նրանք հիմա ու ինչո՞ւ: Եվ ինչո՞ւ հիմա իր հետ ու իր կողքին չեն գեներալ Օհանյանն ու պարոն Օսկանյանը: ՈՒ եթե այդ հարցերի պատասխանը չունի կամ իրավունք չունի այդ հարցերը բարձրացնելու, թող ուրիշներին հարցեր չտա: Միևնույն է, այլևս ոչինչ նրան չի օգնի: Քաղաքական կարիերայի բարձրակետը Նյու Յորքում ՄԱԿ-ի առաջ Հայաստանի Հանրապետության դրոշը բարձրացնելն էր, իսկ դրանից հետո ճանապարհը զիգզագներով ներքև իջավ: Ո՞վ է մեղավոր, որ Հայաստանի առաջին նախագահը, վարչապետը, ԱԳ նախարարը տարբեր ժամանակներում հրաժարական տվեցին ու իրենց պատկերացումներում երկիրն ու պետությունը մնացել է հենց այդ պահի մեջ: Ո՞վ պետք է արթնացնի Րաֆֆի Հովհաննիսյանին: Արդեն ձանձրալի է անընդհատ նույնը լսել, ու՝ անիմաստ:

Դիտվել է՝ 17909

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ